ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Լռությունը ոչ միշտ է ոսկի

Լռությունը  ոչ միշտ է ոսկի
25.11.2014 | 00:37

Տղաներին այսօր կուղեկցենք Եռաբլուր: Ասվեց, դեռ կասվի կարևորը նրանց ու նրանց «տուն» բերողների մասին: Մեկ փոքրիկ արձանագրում և անցնենք աշխարհում ամենաահավոր մասնագիտությանը` քաղաքականությանը:
Այսօր երկինք ճանապարհվող տղերքը անտեսանելիորեն մի ավելի մեծ գործ արեցին. նրանք միասնականացրին ազգը իրենց շուրջը. նրանք ևս մեկ անգամ բոլորիս համար արձանագրեցին. ազգերը մեծ են ոչ թե իրենց տարածքներով, զինտեխնիկայով, նավթով, ազգերը մեծ են իրենց ոգու ուժով, կարեվերի ու կարևորի շուրջ համախմբվելու իրենց կարողականությամբ. ինչին ընդունակ չեղավ Ադրբեջանը` երբեք: Տե՛ս ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքը: Ինչո՞ւ։ Որովհետև Ադրբեջանը քնած մարդուն կացնահարողին հերոսացնում է: Որովհետև Ադրբեջանը զորավարժությունների մասնակցող, որևէ ռազմական գործողություն չիրականացնող ուղղաթիռը խոցողին պարգևատրում է:
Անցանք առաջ:
Հայկական կողմի «օպերացիայից» անցել է երեք օր. գոնե մինչ այս պահը որևէ ձեն-ձուն չկա որևէ մեկից. թե՛ ԵԱՀԿ միջնորդներից, թե՛ միջազգային «մնացածներից» և թե՛ մեր շատ ռազմավարական, ՀԱՊԿ, ԵԱՏՄ գործընկեր Ռուսաստանից:
Շարունակվում է գառնուկային լռությունը: Այն նույն լռությունը, որով հավասարության նշան էր դրվում խոցողի ու խոցվողի միջև: ՈՒ եթե` անկեղծ, ապա այդ մոտեցումը շատ ավելի վատ «գործողություն» է, քան ուղղաթիռի խոցումը, որովհետև երկրորդ դեպքում կոնկրետ գիտես` ինչի ու ում հետ գործ ունես, առաջինի դեպքում գործ ունես փիլիսոփայության հետ, որը լավ թաքնված է «գառան մորթու տակ» և որպես սկզբունք անվերջ կիրառվելու է:
Այն, որ մեր զինված ուժերն ապացուցեցին, որ կարող են, ինչպես արդեն հնչեցվել է` աշխարհի լավագույն բանակներին արժանի օպերացիա իրականացնել, ինքնին հասկանալի է: Եվ այնուհանդերձ, բաց է մնում հարցը՝ արդյոք նույն միջնորդները չէի՞ն անհանգստանում, որ հակամարտության գոտում լոկալ վիճակը կարող է վերածվել համատարած պատերազմական գործողության` պայթյունավտանգ այս տարածաշրջանում:
Թե՞ «հարկավոր» չափով «անվտանգության բարձիկներ» ունեին ադրբեջանական կողմի հետ «համատեղ», ու Ադրբեջանի ուղղաթիռային խոցումն այնքան անթերի ու ոսկերչական «ձևակերպմամբ» էր կատարվել, որ մինչև հիմա չի գտնվում հարցի պատասխանը, որ որքան էլ խելագար ու հարբեցող է Ալիևը, ինքը նույնպես առանց «անվտանգության բարձիկների» չէր գնա նման արկածախնդրության ու սադրանքի, որպեսզի հետո էլ նման խայտառակ պարտություն կրեր, ինչպես օգոստոսյան դեպքերի ժամանակ եղավ. իր քթի տակից տարհանեցին օդաչուներին ու ուղղաթիռը, ադրբեջանական կողմն ունեցավ կրկնակի` յոթ զոհ, հետն էլ ահուսարսափով սպասում է, որ մերոնք դեռ «սդաչի» են տալու իրենց, ու համաշխարհային ոռնոց բարձրացներ, թե Սարսանգի ջրամբարը շատ հին է (հին է, բա ի՞նչ է, ո՞վ կարող է երաշխիք տալ, որ «հին» չէ) և ամեն րոպե կարող է պատնեշը քանդել, հոսել Ադրբեջանի վրայով՝ ջրին հավասարեցնելով ոչ միայն ադրբեջանական ուղղաթիռները, այլև գյուղերը:
Ավելին, ադրբեջանական կողմը կլոունադան շարունակեց մի քանի մակարդակներում. փորձեց համոզել իր հասարակությանը ու «մնացածին», թե հայկական կողմը սուտ է ասում` իր տղաներին չի տարել «տուն»: Սա դեռ ոչինչ։ Հարբեցողը, ըստ ամենայնի, մի լավ հարբեց ու «թվիթերվեց»` մեր «ազրբայջանական» կացինն ու կացնային համակարգը իսկը և իսկը օրինակելի և եվրոպական են, ու էդ եվրոպացիքին ասեք` պետք է օրինակ վերցնեն «աֆարիմ» Սաֆարովից, իրենից ու իր համակարգից:
Վերցրե՞լ են օրինակ եվրոպացիք, հետևե՞լ են նրանք Ալիևի խորհրդին, նույնքան պարզ չէ, որովհետև այս հարցում, ինչպես հավերժ դիվերսիաների, ուղղաթիռի խոցման, ռազմական ռիտորիկայի, տարածաշրջանը վառվող տակառի վերածելու մեղավորության, հայերի փայլուն (որ տարածաշրջանն ու աշխարհը չվերածեցին տոտալ պատերազմական գոտու) օպերացիայի մասին, լռում են` համրորեն:
Իսկ գուցե նման բան ասելու իրավունք հենց իրե՞նք են տվել Ալիևին։ Բոլոր դեպքերում, բաց է մնում հարցը՝ ո՞ւմ էր ձեռնտու ուղղաթիռի խոցումը, բացի Ալիևից:
Համբերենք` «քարերը կաղաղակեն»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ